Ի՞ՆՉ Է ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԸ) Պայմանագրային իրավունքում ընդունված և հաճախ կիրառվող ընդհանուր կանոնի համաձայն՝ պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, երբ կատարումն անհնարին է դառնում պայմանագիրը կնքելուց հետո կողմերի վերահսկողությունից դուրս առաջացած անկանխատեսելի իրադարձությունների հետևանքով: Այդպիսի իրադարձությունները կոչվում են անհաղթահարելի ուժ (ֆորս-մաժոր): Առաջանալով տարերային աղետների վերաբերյալ դրույթներից՝ ֆորս-մաժորի մասին կանոնները զարգացել են ռիսկերի փոփոխության հետ մեկտեղ և ընդլայնել կիրառության շրջանակները: Օրինակ, վերջին տարիներին պայմանագրերում որպես ֆորսմաժորային իրադարձություններ նախատեսվել են նաև ահաբեկչական գործողությունները: Ներկայումս տարածված ֆորսմաժորային իրադարձությունները ներառում են ինչպես բնության, այնպես էլ մարդկանց գործողությունները և ընդգրկում են հրդեհներից ու ջրհեղեղներից մինչև աշխատանքային գործադուլներ, անկարգություններ ու պատերազմներ: Այդպիսի իրադարձություններ կարող են համարվել նաև երկրաշարժները, փոթորիկները, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, պետական մարմինների որոշումները և գործողությունները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, միջուկային պատահարները, համաճարակները, սաբոտաժները, պայթյունները, աշխատուժի և անհրաժեշտ նյութերի պակասը, բեռնափոխադրումների էմբարգոները և այլն:
ԻՆՉՊԻՍԻ՞ ԻՐԱՎԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 417-րդ հոդվածի 3-րդ մասում անհաղթահարելի ուժը են դիտարկվել տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածներում (492-րդ, 828-րդ, 849-րդ, 852-րդ, 864-րդ, 865-րդ, 1071.1-րդ, 1072-րդ և 1091-րդ) նախատեսված է պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն, եթե պարտավորությունը չի կատարվել կամ ոչ պատշաճ է կատարվել անհաղթահարելի ուժի հետևանքով: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածում սահմանվել է, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով,
եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Այսինքն, օրենքով կամ պայմանագրով կարող է նախատեսվել, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ ոչ պատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում անգամ այն դեպքում, եթե կատարումն անհնարին է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով: Այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածով սահմանված է, որ դատարանը կամ ֆինանսական համակարգի հաշտարարը պարտապանի պահանջով պակասեցնում է վճարման ենթակա կամ վճարված պայմանագրով որոշված տուժանքի չափը, եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, և պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով,
և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից:
ԻՆՉՊԻՍԻ՞ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Անհաղթահարելի ուժի վերաբերյալ պայմանագրերում առկա կամ նախատեսվող դրույթներն էապես տարբերվում են միմյանցից նրանով, թե ինչ իրադարձություններ են ընդգրկում: Որոշ դրույթներ պարունակում են ֆորսմաժորային իրադարձությունների սպառիչ ցանկը՝ սահմանափակելով դրանց կիրառման շրջանակը: Այլ դրույթներ սահմանված են ավելի լայն, սահմանափակված չեն ֆորսմաժորային իրադարձությունների սպառիչ ցանկի թվարկմամբ և կիրառելի են կողմերի վերահսկողությունից դուրս ցանկացած կամ նմանատիպ անկանխատեսելի իրադարձությունների վրա: Պայմանագրի կողմերը հաճախ սահմանում են, թե ով է կրելու այդպիսի իրադարձությունների հավանական առաջացման ռիսկը: Լավ մշակված ֆորսմաժորային դրույթները նվազագույնը պետք է սահմանեն՝ 1. ո՞ր իրադարձություններն են համարվում ֆորս-մաժոր (օրինակ՝ երկրաժաշժ, ջրհեղեղ, պատերազմ), 2. ի՞նչ պաշտպանության միջոցներից կարող են օգտվել կողմերը, երբ տեղի են ունենում ֆորսմաժորային իրադարձություններ (օրինակ՝ կողմերն ազատվում են պարտավորությունների կատարումից, պարտավորությունների կատարումը հետաձգվում է կամ կասեցվում), 3. ի՞նչ գործողություններ պետք է կատարեն կողմերն այդ միջոցներից օգտվելու համար (օրինակ՝ մյուս կողմին ծանուցում ուղարկել):
ԱՐԴՅՈ՞Ք ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ (COVID-19) ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ (FORCE MAJEURE) Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) սրընթաց տարածմանը զուգահեռ պետությունները շարունակաբար ավելի խիստ միջոցներ են ձեռնարկում այդ համավարակի դեմ պայքարում՝ կիրառելով տարբեր տեսակի սահմանափակումներ: Մասնավորապես, առավել հաճախ սահմանափակվում են անձանց ազատ տեղաշարժվելու, տնտեսական գործունեության, սեփականության իրավունքները և ազատությունները: Ժամանակավորապես փակվում են տնտեսական գործունեության օբյեկտները, դադարեցվում են առանձին տեսակի ծառայությունների մատուցումը: Միևնույն ժամանակ սահմանափակվում է բնակչությանը հանրային բնույթի ծառայություններ մատուցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների գործունեությունը: Քաղաքացիները հարկադիր կամ կամավոր եղանակով մեկուսացվում կամ ինքնամեկուսացվում են: Արդյունքում առաջանում է աշխատուժի և միջոցների պակաս, հնարավորությունների սահմանափակում կամ բացակայություն, ինչն էլ իր ազդեցությունն է ունենում պայմանագրային իրավահարաբերությունների կողմերի կողմից իրենց պարտավորությունների կատարման վրա: Այս խնդիրների առջև կանգնած կողմերը կարող են մատնանշել այդ հետևանքները որպես պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից խուսափելու միջոց՝ կախված իրենց պայմանագրում նախատեսված ֆորսմաժորային դրույթների ձևակերպումներից:
ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ (COVID-19)՝ ՈՐՊԵՍ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ, հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը և այդ վարակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը, հիմք ընդունելով, որ
Հայաստանի Հանրապետությունում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը, որպես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց
արտակարգ դրություն: Նշված որոշմամբ սահմանվել են անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, սեփականության իրավունքի, Հայաստանի Հանրապետությունից ապրանքների փոխադրման, տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման ժամանակավոր ահմանափակումներ, որոնք հետագայում պարետի որոշումներով փաստացի կիրառվել են: Վերոգրյալից պարզ է դառնում, որ ՀՀ օրենսդրությամբ հաստատված են համարվել այնպիսի իրադարձությունների առկայությունը, ինչպիսիք են համաճարակը, արտակարգ իրավիճակը, արտակարգ դրությունը, որոնք կարող են համարվել անհաղթահարելի ուժ: Միևնույն ժամանակ դրանց հետևանքով պետական մարմինների կողմից կայացվել և կիրառվել են խիստ սահմանափակումներ նախատեսող որոշումներ, որոնք ևս կարող են համարվել ֆորսմաժորային իրադարձություններ: Ավելին, հարկ ենք համարում նշել, որ 2020 թվականի մարտի 25-ին, հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։
Ի՞ՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ (COVID-19)՝ ՈՐՊԵՍ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ, ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎՐԱ Համաշխարհային համաճարակը, ինչպիսին է COVID-19-ը (կամ դրա հետևանքները), կարող են որակվել որպես ֆորսմաժորային իրադարձություն, եթե պայմանագրում առկա ֆորսմաժորի վերաբերյալ դրույթը հատուկ պարունակում է հղումներ «համաճարակների» կամ հիվանդությունների մասին: Եթե համապատասխան ֆորսմաժորային դրույթը չի պարունակում այդպիսի հատուկ հղումներ, ապա «աղետներ», «բնության գործողություններ», «արտակարգ իրավիճակներ», «կառավարության որոշումներ կամ գործողություններ» կամ «վերահսկողությունից դուրս գործող այլ իրավիճակներ» դրույթները կարող են համարվել որպես COVID-19-ը և դրա հետևանքները ներառող իրադարձություններ: Այնուամենայնիվ, նույնիսկ այն դեպքում, երբ պայմանագրում ներառված է ուժեղ ֆորսմաժորային դրույթ, ֆորսմաժորային իրադարձության առաջացումը ինքնին բավար չէ ֆորսմաժորային պաշտպանություն իրականացնելու համար: Անհրաժեշտ է, որ ֆորսմաժորային իրադարձության և պարտավորության չկատարման միջև լինի պատճառահետևանքային կապ: Հարկ է նշել նաև, որ միայն ընդհանուր տնտեսական դժվարությունները, ծախսերի ավելացումը կամ հաճախորդների պահանջարկի նվազելը ըստ էության չեն կարող համարվել ֆորսմաժորային իրադարձության հետևանքով պարտավորության չկատարման անհնարինություն:
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ (COVID-19) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ Պայմանագրի կողմերը, որոնք ակնկալում են պայմանագրի վերահաս խախտում նոր կորոնավիրուսի (COVID-19) ազդեցության հետևանքով, հնարավոր վնասները կանխելու համար պետք է գործեն արագ և գրագետ: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք կատարել հետևյալ գործողությունները՝
- Ուսումնասիրեք պայմանագիրը և պարզեք, թե արդյոք պայմանագրում առկա է ֆորսմաժորային դրույթ:
- Եթե պայմանագրում առկա է ֆորսմաժորային դրույթ, վերլուծեք այն, պարզեք, թե արդյոք համաճարակը կարող է ֆորսմաժորային իրադարձություն համարվել հատուկ դրույթի պայմանների համաձայն, եթե այո, ապա այն ի՞նչ ազդեցություն է թողնում պայմանագրային պարտավորությունների վրա:
- Պայմանագրի մյուս կողմի հետ հաղորդակցվեք արագ և արդյունավետ՝ պայմանագրում նախատեսված ծանուցման վերաբերյալ ֆոսմաժորային դրույթի համաձայն: Որոշ ֆորսմաժորային դրույթներ կպահանջեն, որ ֆորսմաժորային իրադարձություն կրող կողմը տեղեկացնի մյուս կողմին որոշակի ժամկետում հանդես գալու անկարողության մասին:
Այս գործողությունները կարող են պահանջել որոշակի իրավաբանական գիտելիքների օգտագործման անհրաժեշտություն, ուստի ի սկզբանե իրավական խորհրդատու ներգրավելը կարող է ունենալ կարևոր նշանակություն՝ պատասխանատվությունից խուսափելու նպատակով արդյունավետ և պատշաճ միջոցներ ձեռնարկելու համար:
Այդպիսի իրավական խնդիրների առաջացման դեպքում «Լիբերթի» փաստաբանական գրասենյակը պատրաստակամություն է հայտնում հնարավորինս արագ և արդյունավետ պաշտպանել Ձեր իրավունքները և օրինական շահերը: