Ի՞ՆՉ Է ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԸ)

Պայմանագրային իրավունքում ընդունված և հաճախ կիրառվող ընդհանուր կանոնի համաձայն՝ պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, երբ կատարումն անհնարին է դառնում պայմանագիրը կնքելուց հետո կողմերի վերահսկողությունից դուրս առաջացած անկանխատեսելի իրադարձությունների հետևանքով: Այդպիսի իրադարձությունները կոչվում են անհաղթահարելի ուժ (ֆորս-մաժոր):

Առաջանալով տարերային աղետների վերաբերյալ դրույթներից՝ ֆորս-մաժորի մասին կանոնները զարգացել են ռիսկերի փոփոխության հետ մեկտեղ և ընդլայնել կիրառության շրջանակները: Օրինակ, վերջին տարիներին պայմանագրերում որպես ֆորսմաժորային իրադարձություններ նախատեսվել են նաև ահաբեկչական գործողությունները: Ներկայումս տարածված ֆորսմաժորային իրադարձությունները ներառում են ինչպես բնության, այնպես էլ մարդկանց գործողությունները և ընդգրկում են հրդեհներից ու ջրհեղեղներից մինչև աշխատանքային գործադուլներ, անկարգություններ ու պատերազմներ: Այդպիսի իրադարձություններ կարող են համարվել նաև երկրաշարժները, փոթորիկները, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, պետական մարմինների որոշումները և գործողությունները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, միջուկային պատահարները, համաճարակները, սաբոտաժները, պայթյունները, աշխատուժի և անհրաժեշտ նյութերի պակասը, բեռնափոխադրումների էմբարգոները և այլն:

ԻՆՉՊԻՍԻ՞ ԻՐԱՎԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 417-րդ հոդվածի 3-րդ մասում անհաղթահարելի ուժը են դիտարկվել տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածներում (492-րդ, 828-րդ, 849-րդ, 852-րդ, 864-րդ, 865-րդ, 1071.1-րդ, 1072-րդ և 1091-րդ) նախատեսված է պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն, եթե պարտավորությունը չի կատարվել կամ ոչ պատշաճ է կատարվել անհաղթահարելի ուժի հետևանքով: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածում սահմանվել է, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Այսինքն, օրենքով կամ պայմանագրով կարող է նախատեսվել, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ ոչ պատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում անգամ այն դեպքում, եթե կատարումն անհնարին է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով: Այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածով սահմանված է, որ դատարանը կամ ֆինանսական համակարգի հաշտարարը պարտապանի պահանջով պակասեցնում է վճարման ենթակա կամ վճարված պայմանագրով որոշված տուժանքի չափը, եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, և պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից:

ԻՆՉՊԻՍԻ՞ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհաղթահարելի ուժի վերաբերյալ պայմանագրերում առկա կամ նախատեսվող դրույթներն էապես տարբերվում են միմյանցից նրանով, թե ինչ իրադարձություններ են ընդգրկում: Որոշ դրույթներ պարունակում են ֆորսմաժորային իրադարձությունների սպառիչ ցանկը՝ սահմանափակելով դրանց կիրառման շրջանակը: Այլ դրույթներ սահմանված են ավելի լայն, սահմանափակված չեն ֆորսմաժորային իրադարձությունների սպառիչ ցանկի թվարկմամբ և կիրառելի են կողմերի վերահսկողությունից դուրս ցանկացած կամ նմանատիպ անկանխատեսելի իրադարձությունների վրա: Պայմանագրի կողմերը հաճախ սահմանում են, թե ով է կրելու այդպիսի իրադարձությունների հավանական առաջացման ռիսկը:

Լավ մշակված ֆորսմաժորային դրույթները նվազագույնը պետք է սահմանեն՝ 1. ո՞ր իրադարձություններն են համարվում ֆորս-մաժոր (օրինակ՝ երկրաժաշժ, ջրհեղեղ, պատերազմ), 2. ի՞նչ պաշտպանության միջոցներից կարող են օգտվել կողմերը, երբ տեղի են ունենում ֆորսմաժորային իրադարձություններ (օրինակ՝ կողմերն ազատվում են պարտավորությունների կատարումից, պարտավորությունների կատարումը հետաձգվում է կամ կասեցվում), 3. ի՞նչ գործողություններ պետք է կատարեն կողմերն այդ միջոցներից օգտվելու համար (օրինակ՝ մյուս կողմին ծանուցում ուղարկել):

ԱՐԴՅՈ՞Ք ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ (COVID-19) ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ (FORCE MAJEURE)

Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) սրընթաց տարածմանը զուգահեռ պետությունները շարունակաբար ավելի խիստ միջոցներ են ձեռնարկում այդ համավարակի դեմ պայքարում՝ կիրառելով տարբեր տեսակի սահմանափակումներ: Մասնավորապես, առավել հաճախ սահմանափակվում են անձանց ազատ տեղաշարժվելու, տնտեսական գործունեության, սեփականության իրավունքները և ազատությունները: Ժամանակավորապես փակվում են տնտեսական գործունեության օբյեկտները, դադարեցվում են առանձին տեսակի ծառայությունների մատուցումը: Միևնույն ժամանակ սահմանափակվում է բնակչությանը հանրային բնույթի ծառայություններ մատուցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների գործունեությունը: Քաղաքացիները հարկադիր կամ կամավոր եղանակով մեկուսացվում կամ ինքնամեկուսացվում են: Արդյունքում առաջանում է աշխատուժի և միջոցների պակաս, հնարավորությունների սահմանափակում կամ բացակայություն, ինչն էլ իր ազդեցությունն է ունենում պայմանագրային իրավահարաբերությունների կողմերի կողմից իրենց պարտավորությունների կատարման վրա: Այս խնդիրների առջև կանգնած կողմերը կարող են մատնանշել այդ հետևանքները որպես պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից խուսափելու միջոց՝ կախված իրենց պայմանագրում նախատեսված ֆորսմաժորային դրույթների ձևակերպումներից:

ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ (COVID-19)՝ ՈՐՊԵՍ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ, հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը և այդ վարակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը, հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը, որպես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն: Նշված որոշմամբ սահմանվել են անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, սեփականության իրավունքի, Հայաստանի Հանրապետությունից ապրանքների փոխադրման, տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման ժամանակավոր ահմանափակումներ, որոնք հետագայում պարետի որոշումներով փաստացի կիրառվել են:

Վերոգրյալից պարզ է դառնում, որ ՀՀ օրենսդրությամբ հաստատված են համարվել այնպիսի իրադարձությունների առկայությունը, ինչպիսիք են համաճարակը, արտակարգ իրավիճակը, արտակարգ դրությունը, որոնք կարող են համարվել անհաղթահարելի ուժ: Միևնույն ժամանակ դրանց հետևանքով պետական մարմինների կողմից կայացվել և կիրառվել են խիստ սահմանափակումներ նախատեսող որոշումներ, որոնք ևս կարող են համարվել ֆորսմաժորային իրադարձություններ: Ավելին, հարկ ենք համարում նշել, որ 2020 թվականի մարտի 25-ին, հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։

 Ի՞ՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ (COVID-19)՝ ՈՐՊԵՍ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ, ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎՐԱ

Համաշխարհային համաճարակը, ինչպիսին է COVID-19-ը (կամ դրա հետևանքները), կարող են որակվել որպես ֆորսմաժորային իրադարձություն, եթե պայմանագրում առկա ֆորսմաժորի վերաբերյալ դրույթը հատուկ պարունակում է հղումներ «համաճարակների» կամ հիվանդությունների մասին: Եթե ​​համապատասխան ֆորսմաժորային դրույթը չի պարունակում այդպիսի հատուկ հղումներ, ապա «աղետներ», «բնության գործողություններ», «արտակարգ իրավիճակներ», «կառավարության որոշումներ կամ գործողություններ» կամ «վերահսկողությունից դուրս գործող այլ իրավիճակներ» դրույթները կարող են համարվել որպես COVID-19-ը և դրա հետևանքները ներառող իրադարձություններ: Այնուամենայնիվ, նույնիսկ այն դեպքում, երբ պայմանագրում ներառված է ուժեղ ֆորսմաժորային դրույթ, ֆորսմաժորային իրադարձության առաջացումը ինքնին բավար չէ ֆորսմաժորային պաշտպանություն իրականացնելու համար: Անհրաժեշտ է, որ ֆորսմաժորային իրադարձության և պարտավորության չկատարման միջև լինի պատճառահետևանքային կապ: Հարկ է նշել նաև, որ միայն ընդհանուր տնտեսական դժվարությունները, ծախսերի ավելացումը կամ հաճախորդների պահանջարկի նվազելը ըստ էության չեն կարող համարվել ֆորսմաժորային իրադարձության հետևանքով պարտավորության չկատարման անհնարինություն:

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ (COVID-19) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Պայմանագրի կողմերը, որոնք ակնկալում են պայմանագրի վերահաս խախտում նոր կորոնավիրուսի (COVID-19) ազդեցության հետևանքով, հնարավոր վնասները կանխելու համար պետք է գործեն արագ և գրագետ: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք կատարել հետևյալ գործողությունները՝

  1. Ուսումնասիրեք պայմանագիրը և պարզեք, թե արդյոք պայմանագրում առկա է ֆորսմաժորային դրույթ:
  2. Եթե պայմանագրում առկա է ֆորսմաժորային դրույթ, վերլուծեք այն, պարզեք, թե արդյոք համաճարակը կարող է ֆորսմաժորային իրադարձություն համարվել հատուկ դրույթի պայմանների համաձայն, եթե այո, ապա այն ի՞նչ ազդեցություն է թողնում պայմանագրային պարտավորությունների վրա:
  3. Պայմանագրի մյուս կողմի հետ հաղորդակցվեք արագ և արդյունավետ՝ պայմանագրում նախատեսված ծանուցման վերաբերյալ ֆոսմաժորային դրույթի համաձայն: Որոշ ֆորսմաժորային դրույթներ կպահանջեն, որ ֆորսմաժորային իրադարձություն կրող կողմը տեղեկացնի մյուս կողմին որոշակի ժամկետում հանդես գալու անկարողության մասին:

Այս գործողությունները կարող են պահանջել որոշակի իրավաբանական գիտելիքների օգտագործման անհրաժեշտություն, ուստի ի սկզբանե իրավական խորհրդատու ներգրավելը կարող է ունենալ կարևոր նշանակություն՝ պատասխանատվությունից խուսափելու նպատակով արդյունավետ և պատշաճ միջոցներ ձեռնարկելու համար:

Այդպիսի իրավական խնդիրների առաջացման դեպքում «Լիբերթի» փաստաբանական գրասենյակը պատրաստակամություն է հայտնում հնարավորինս արագ և արդյունավետ պաշտպանել Ձեր իրավունքները և օրինական շահերը: