«Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձ-գինեկելոգ Վահե Ջիվանի Նավասարդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ Լ. Բ.-ի ծննդաբերության ժամանակ իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի արդյունքում առաջացել է նորածնի մահ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է (այդ թվում` «Փորձաքննությունների ազգային բյորո» ՊՈԱԿ-ի կողմից տրված փորձագիտական եզրակացությամբ), որ Վահե Նավասարդյանը, հանդիսանալով «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ, Լ. Բ.-ի ծննդաբերության ընթացքում պատշաճ կարգով կատարել է իր մասնագիտական պարտականությունները, չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, որպիսի հանգամանքը հաշվի առնելով` վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է, և քրեական վարույթը կարճվել է:

Նշված քրեական վարույթի օբյեկտիվ և արդարացի լուծման համար էական նշանակություն ունեցավ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված փաստաբանի (պաշտպանի) կողմից ֆիզիկական անձանց (համաձայնության դեպքում) հարցման ենթարկելու կառուցակարգը: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմինը հրաժարվում էր որպես վկա կանչել և հարցաքննել այն անձանց, որոնց կարող էին հայտնի լինել վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ և որոնց ցուցմունքները առերևույթ կարող էին հերքել մեղադրանքը: Մեր ընկերության փաստաբանը` Վահե Նավասարդյանի պաշտպանը, օգտվելով հիշյալ օրենքներով պաշտպանի համար սահմանված իրավունքից, հարցման է ենթարկել այդ անձանց և հարցման արձանագրությունները ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որից հետո միայն նշված անձինք կանչվել են որպես վկա, հարցաքննվել, հաստատվել է նրանց կողմից հայտնած տեղեկատվության իսկությունը, ինչի հիման վրա նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային լրացուցիչ փորձաքննություն, և վերջնարդյունքում քրեական վարույթով հաստատված է համարվել Վահե Նավասարդյանի կողմից իրեն մեղսագրված արարքը կատարած չլինելու փաստը: